Տեսա-աուդիո զանգեր ու մի շարք այլ ծառայություններ առաջարկող հայկական արտադրության Zangi հավելվածը առաջիկայում հնարավոր է փոխարինի մեծաթիվ հայերի կողմից օգտագործվող Skype և Viber ծրագրերին:
Zangi-ին հնարավորություն տալիս է ինտերնետի բացակայության պայմաններում կապվել համակարգի օպերատորի հետ ու նրա միջոցով միանալ նրան, ում ցանկանում ես: Zangi-ն հասանելի է Android ու iOS հարթակների, ինչպես նաև Windows ֆոնի ու մինչ տարեվերջ բոլոր հարթակների համար:
Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը նշել է, որ իրենք, առանց համեստության, աշխարհի տեխնոլոգիական առաջատարներից են հեռահաղորդակցության ոլորտում և մի շարք չափանիշներով գերազանցում են վերոնշյալ ծրագրերին: Դա կփոխարինի զբոսաշրջային քարտերին:
Ինչպես նա ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ նմանատիպ հավելված ստեղծելու գաղափարն առաջացել է մոտ 5 տարի առաջ, երբ տեղի ունեցավ սմարթֆոների հեղափոխությունը, իսկ թվային կապը տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներում թրենդային ուղղություն էր դառնում:
Ունենալով սահմանափակ ռեսուրսներ Zangi-ի թիմն մեծ քայլեր չարեց` իր գործունեության շեշտադրումը հիմնականում դնելով դրսի պատվերների իրականացման վրա:
«Փորձեցինք քայլ առ քայլ զարգանալ, ճիշտ է այդ գործընթացը մեզ մոտ երկար տևեց, եթե ավելի շատ ռեսուրս ունենայինք, ավելի շուտ հաջողության կհասնեինք: Այժմյան համաշխարհային լիդեր դարձած Whats up-ը, Viber-ը, Tango-ն կամ Line-ը, սկսել են մեզ հետ միաժամանակ, գաղափարն էլ իրենց մոտ այդ ժամանակ առաջացավ` մի քանի ամիսների տարբերությամբ` հնարավոր է մի քիչ ուշ կամ շուտ: Իրենք ավելի շատ ռեսուրս ունեին, արագ աճեցին, բայց մենք էլ հետ չմնացինք, հետ մնացինք բիզնեսի առումով, բայց տեխնոլոգիական առումով բավականին լուրջ լուծումներ ունենք»,- ասել է նա:
Ծրագրի հիմնադրի խոսքով` իրենց տեխնոլոգիայի ներուժի մի մասն է դեռ իրականացվել ու իրենք այժմ աշխատում են ծառայությունների որակի կատարելագործման վրա: Նա մասնավորապես նշել է.
«Մենք առաջինն ենք աշխարհում, որ հեռախոսների կամ պլանշետների վրա ունենք 720p վիդեոստանդարտ: Դա հեռուսատեսային ստանդարտ է, շուտով Ipad-ի վրա կլինի 720p-ն App store-ում, այսինքն` ուղիղ հեռարձակմամբ տեսանյութերը հնարավոր կլինի նայել այնպես, ինչպես արդեն տեսագրված տեսահոլովակը: 2015-ի կեսերին կունենանք full HD 1080p, այսինքն` տանում ենք նրան, որ ուղիղ տեսանյութը ստատիկ տեսանյութից չտարբերվի»:
Բացի այդ` Zangi-ում շուտով կմտնեն այլ ծառայություններ ևս` հաղորդակցությունների կառավարում, որը հնարավորություն կտա ձայնագրել, տեսագրել հավելվածի միջոցով, իսկ ամբողջ ձայնագրությունները կպահվեն Zangi-ի ամպային պահոցներում, հնարավորություն կլինի վերնագրել ձայնագրությունը, իսկ փնտրման կոճակի միջոցով անհրաժեշտ ձայնագրությունը հնարավոր կլինի հեշտորեն գտնել: