«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ինքնասպան եղած «Ամիրխանյան ՍՊԸ»-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իրեն կրակելուց առաջ նամակ է գրել և հանձնել իր տան աշխատակիցներին` խնդրելով, որ այն անպայման փոխանցեն իր հարազատներին կամ փաստաբանին:
Ըստ պաշտոնական տեղեկության՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:40-ին սահմաններում, «Նոր Հաճըն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Հաճըն քաղաքի Պարգևաշեն թաղամասում, տանը՝ սենյակում, մահացած մարդ կա, զենքը՝ կողքին: Պարզվել էր, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, 61-ամյա Համլետ Ամիրխանյանը, ով «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ տնօրենն է, Նոր Հաճըն քաղաքի նշված հասցեում գտնվող իր առանձնատան ննջասենյակում ինքնասպանություն էր գործել ատրճանակից կրծքավանդակին կրակելու միջոցով: Դիակի կողքին հայտնաբերվել էր «VIKING» մոդելի գործարանային համարի ատրճանակ՝ պահունակով, 3 հատ փամփուշտ, տուժածի հագուստների միջից՝ 9 մմ տրամաչափի 1 պարկուճ: Ավելին՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր նաև 1 հատ գնդակ:
Ինքնասպան եղածի գրությունը
Եվ այսպես՝ «Ժողովուրդ»-ին գործարարի ինքնասպանությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել: Իրեն կրակելուց առաջ գործարարը մի նամակ է գրել և դրել ծրարի մեջ: Ավելի ուշ, մինչ իր ննջասենյակ բարձրանալը, ծրարը փոխանցել է իր տան աշխատակիցներին և խնդրել է, որ այն իր չլինելու դեպքում հանձնեն բարեկամներին կամ փաստաբանին: Ըստ երևույթին, գործարար Համլետ Ամիրխանյանի հարազատները չեն պատկերացրել, թե ինչ նամակի մասին է խոսքը կամ, առհասարակ, ինչ նկատի ուներ գործարարը՝ ասելով «իմ չլինելու դեպքում»: Այս ամենից հետո, ուշ երեկոյան, տանը հնչել է մեկ կրակոցի ձայն, որից հետո գործարարին գտել են ինքնասպան եղած:
«Ժողովուրդ»-ը պարզել է, որ ինքնասպան եղած Համլետ Ամիրխանյանը երգչուհի Սոնա Շահգելդյանի մորաքրոջ` Նաիրա Շահգելդյանի ամուսինն էր: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տիկին Նաիրան հուզվեց և չկարողացավ խոսել իր ամուսնու հետ կատարվածի մասին: Մեր այն հարցին, թե արդյո՞ք տեղյակ են, որ գործարարը նամակ է թողել, Նաիրա Շահգելդյանի մտերիմը պատասխանեց. «Այդ ծրարը ոչ մեկ չի տեսել ու անգամ բովանդակությունը չգիտենք, եթե նման ծրար կա, որի մեջ էլ նամակ է եղել, ուրեմն դա ոստիկանության մոտ է, իրենք են ամեն ինչ առգրավել»:
Մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ գործարարն իր թողած նամակում գրել է, թե ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի արդյունքում է հայտնվել սնանկացման շեմին, ինչպես է ցանկացել իր բիզնեսը ծաղկեցնել, սակայն հայտնվել են բարձրաստիճան պաշտոնյաներ, քրեական տարրեր և արգելել են իրեն որևէ գործողություն իրականացնել: Իսկ թե կոնկրետ ինչ բարձրաստիճան պաշտոնյաներ են գործարարի մահվան պատճառը դարձել, և կոնկրետ որ գործարարների անունն է տվել Համլետ Ամիրխանյանը, դեռևս պարզ չէ:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: