«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հրաժարվել են «ՀԺ»–ին տրամադրել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը՝ Պերմյակովին Հայաստանին հանձնելու վերաբերյալ:

Դատախազությունից հրաժարվել են նաև մեզ տրամադրել նամակի ելքի լուսապատճենը:

«Ի պատասխան Ձեր հարցման, ինչպես նաև այլ լրատվամիջոցներում հրապարակված տարաբնույթ մեկնաբանությունների, տեղեկացնում ենք, որ խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2015թ. տարածել է սպառիչ հաղորդագրություն: Հաշվի առնելով տվյալ քրեական գործի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը. գործում որևէ նոր զարգացման դեպքում անմիջապես կտրամադրվի տեղեկատվություն:

Ինչ վերաբերում է նամակը ուղարկելու և դրա բովանդակության վերաբերյալ կասկածներին և շրջանառվող այլ անհեթեթ լուրերին, նշենք, որ նպատակահարմար չենք գտնում անդրադառնալ, առավել ևս մեկնաբանել դրանք»,- «Հժ»-ի գրությանը պատասխանել են ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Այսպիսով. հարցը իրականում Կոստանյանը Չայկային նամակ ուղարկե՞լ է, թե ոչ, մնում է օդում առկախված»:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում