Հնարավոր չէ հարաբերությունները արհեստականորեն սրել և հասցնել այդ վիճակին, եթե այդ հակասությունը չկա: Այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը անդրադառնալով երկրի ներքաղաքական իրավիճակին:
Հաշված օրերի ընթացքում չի կարելի բերել հասցնել այդ վիճակին, կարծում է Վարդան Խաչատրյանը: Այդ հակասությանը հանգուցալուծում չի կարող լինել, եթե այդպիսի լարված վիճակում զանգվածային առճակատում տեղի չի ունեցել: Նա մասնավորապես ասել է.
«Եթե կիրառական առումով այս առճակատումը շարունակություն չունենա, ուրեմն ապագայում էլի նույնպիսի իրավիճակ կլինի: Եթե ես լինեի ԲՀԿ-ի ղեկավարության տեղը, բացահայտ ակտիվություն, որը կբերի առճակատման, չէի անի: Նախ՝ այն պատճառով, որ իրականությունն ու հաշվարկներն այլ էին»:
Իսկ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Լևոն Մարտիրոսյանն ասաց, թե շատ հանգիստ է վերաբերվում այդ ամեն ինչին: Լավ կլինի, որ ժողովուրդն էլ հանգիստ ընդունի և շատ ծանր չտանի, քանի որ քաղաքականություն է և քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է: Այն ինչ տեղի է ունենում, դա լավ է ժողովրդավարության առումով: Այն, որ քաղաքական գործիչները պետք է պատասխանատու լինեն իրենց ընտրողների համար, դա կարևոր և անհրաժեշտ է:
Նա նաև նշեց, թե Սերժ Սարգսյանի ելույթին պետք է շատ լուրջ վերաբերվել, և անձամբ ինքը շատ լուրջ է վերաբերվում, հատկապես այն մասին, որ փողը քաղաքականության մեջ որոշիչ լինել չի կարող:
Հարցին, թե ժողովուրդը չի հիասթափվել այս ամեն ինչից, Լևոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Էդ էր պակաս, որ ժողովուրդը հիասթափվի»: