Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև ռազմական գործողությունների վերսկսումը ստիպել է վերլուծաբաններին մտահոգվել աճող լարվածությամբ և չբացառել անգամ երկու երկրների միջև «պատահական պատերազմը», գրում է Newsweek-ը:

Նրանք նաև նշում են, որ Ռուսաստանը կարող է օգտագործել հակամարտությունը որպես տարածաշրջանում իր իշխանությունն ուժեղացնելու միջոց:

Փորձագետները զգուշացնում են, որ այս տարվա զարգացումները շատ ավելի վտանգավոր են՝ երկու կողմերից ավելի մեծ թվով զոհերի առումով:

Ինչպես նշվում է հոդվածում, Ռուսաստանը զենքի հիմնական մատակարարն է երկու կողմերին: Հաշվի առնելով Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունը՝ փորձագետները մտահոգված են, որ նախագահ Պուտինը մտադիր է ավելի համարձակ և ռիսկային քայլի դիմել տարածաշրջանում իր իշխանությունն ուժեղացնելու նպատակով:

Newsweek-ին տված հարցազրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը բացատրում է. «Ստատուս քվոն Ռուսաստանի համար լավագույն տարբերակն է՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ: Բայց Պուտինը կարող է գայթակղվել և ռիսկային քայլ ձեռնարկել մարտական գործողություններ հրահրելու համար, որպեսզի խաղաղապահներ տեղակայի իր լծակներն ապահովելու համար: Ուկրաինայի իրադարձություններն ապացուցում են, որ Մոսկվան այնքան էլ ռացիոնալ խաղացող չէ»:

Հեղինակն ընդգծում է, որ այս ժամանակահատվածը կարևոր է նաև նրանով, որ այս տարի նշվում է Հայոց ցեղասպանության 100- ամյակը, որը կարող է վատթարացնել արդեն իսկ լարված իրավիճակը: