Փետրվարի 20-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի եւ առանձին ստորաբաժանումների հրամանատարների մասնակցությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված 2015թ. բանակային տարվա ձմեռային փուլի մեկնարկային գործընթացների ամփոփմանն ու առաջիկա անելիքների քննարկմանը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ անդրադառնալով օրակարգային հարցերին՝ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ըստ ուղղությունների ներկայացրեց կատարված եւ կատարվելիք աշխատանքների համալիրը, կարեւորեց ուսումնական գործընթացների ճիշտ եւ նպատակային կազմակերպման, անձնակազմի մարտական ունակությունների բարձրացման եւ գործնականում դրանց արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը:
Խորհրդակցության ընթացքում ելույթներով եւ պարզաբանումներով հանդես եկան նաեւ բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների պետերն ու զորամասերի հրամանատարները: