Սերժ Ազատի Սարգսյանը պետք է հրաժարական տա՝ հանուն հայրենիքի, հանուն իր թոռնիկների և սա խնդրելու բան չէ, սա պահանջելու խնդիր է, և ՀՀ քաղաքացին հնարավորություն կունենա առաջիկա շաբաթում այդ պահանջները ձևավորել: Ազատության հրապարակում նման հայտարարությամբ հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը, նա ընդգծեց, որ դա քաղաքական լեգիտիմությունից և իրավակարգությունից դուրս երևույթ է: «Այսօր շատ էին ուզում՝ լինեին նաև իմ գործընկերները՝ ԲՀԿ, ՀԱԿ, ինչո՞ւ չէ` Դաշնակցություն և Սեֆիլյան, ու եթե այսօր այս փաթիլների ներքո բոլորս միասին լինեինք, ապա կունենայինք ապահով Հայաստան, սակայն ինչ-որ մեկը դա չցանկացավ»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ավելացրեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է կրկին հանդիպել քաղաքական կուսակցությունների, մտավորականների, ազատամարտիկների և բոլոր նրանց հետ, ովքեր պատրաստ են պայքարել հայրենիքի համար: Այն հարցին, թե «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Ր. Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն: Նա հայտարարեց, որ իրենց պայքարի նպատակը Սերժ Սարգսյանի հրաժարականն է, իսկ թե ով է լինելու հաջորդ նախագահը՝ նա չգիտի: «Բայս ես հաստատ չեմ լինելու»,- հայտարարեց նա: