Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Արժանապատվության հեղափոխության» 1-ամյակի կապակցությամբ Ուկրաինայի Հերոսի «Ոսկե աստղ» 107 շքանշան է հանձնել «Երկնային հարյուրյակի հերոսների» (Կիևի կենտրոնում 2014-ին տեղի ունեցած բախումների ժամանակ զոհված ակտիվիստները- Tert.am) հարազատներին և մտերիմներին, հայտնում է Обозреватель-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը։

«Ուկրաինայի ժողովրդի անունից՝ անկեղծ շնորհակալություն ձեզ՝ մայրեր և հայրեր, որ մեծացրել եք այսպիսի խիզախ և հրաշալի որդիներ և դուստրեր։ Եվ խոնարհում այն որդիների և դուստրերի առաջ, ովքեր կորցրել են ծնողներին»,- ասել է նախագահը։

Պորոշենկոն հանձնել է մրցանակները և ծնկի իջել «Երկնային հարյուրյակի հերոսների» երեխաների առաջ։