«Ես չեմ պատասխանում կռիսական հարցերին»: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտարարել ԲՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արագած Ախոյանը՝ պատասխանելով հարցին, թե համաձա՞յն է տեսակետին, որ ԲՀԿ-ից «առնետավազք» է սկսվել:
Ըստ Արագած Ախոյանի ինքը չի հիասթափեցրել իր կուսակից ընկերներին և չի պատրաստվում այդպես վարվել: «Ես կշարունակեմ աշխատել որպես անկախ պատգամավոր և չեմ ուզում դրան ինչ-որ բան ավելացնել: Միայն կասեմ, որ ինձ վրա ոչ մի ճնշում չեն գործադրել: Դրան ոչ մի բան ավելացնելու բան չկա: Ավելի վաղ ես հայտարարել էի, թե ինչու գնացի այդ քայլին, որին նոր բան չեմ կարող ավելացնել»,-ասել է Ախոյանը:
Հիշեցնենք, որ Արագած Ախոյանը փետրվարի 17-ին հայտարարել է ԲՀԿ-ից դուրս գալու իր որոշման մասին: Նրանից բացի ԲՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարել են նաեւ գործարար պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Գրիգորի Մարգարյանը («Բելաջոյի» Գրիշ):