Լոռու մարզի բնակչուհի Զ. Մկրտչյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել առերեւույթ հանցագործություն կատարած անձին։
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ Ա.Խանաղյանը 2014 թվականի հունվարի 27-ին այցելել է Զ. Մկրտչյանին՝ պարտքով գումար խնդրելու նպատակով՝ իր հետ նախապես վերցնելով նաեւ մետաղյա ձող։
Հյուրընկալվելով Զ. Մկրտչյանին՝ Ա. Խանաղյանը պարտքով գումար է խնդրել, սակայն ստացել մերժում, ինչից հետո իր հետ բերած ձողով բազմակի հարվածներ հասցրել նրա գլխին։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել է։ Այնուհետև տանը գումար և արժեքավոր իրեր է փնտրել, բայց այդպիսիք չգտնելով, վերցրել է հյուրասենյակի սեղանին դրված՝ հանգուցյալին պատկանող բջջային հեռախոսը, մետաղյա ձողը եւ դուրս եկել տանից:
Դեպքի առթիվ 2014 թվականի հունվարի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա. Խանաղյանին 2015 թվականի փետրվարի 22-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների բազմակողմանի և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։