«Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները» հարցի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադարձավ ԱԺ-ի երեկվա միջադեպին:
«Շատ տհաճ էր, որ երեկվա Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ տղամարդիկ տեղից ռեպլիկներ էին անում, սա ուղղակի մեջս կուտակված էր երեկվանից: Կոչ եմ անում չարությունը ձեր մեջից հանել անկախ նրանից՝ ընդդիմություն եք, թե իշխանություն»,- ասաց նա և կոչ արեց միմյանց չարիք չանվանել, պիտակներ չկպցնել:
Հեղինե Բիշարյանը խոսեց նաև խնդիրներից, որ երկրում արտագաղթ կա ու պետք է այն կանգնեցնել, դրա համար առաջնահերթ կարևոր է հավատի վերականգնումը: «Չկա մի ընտանիք, որն ուզում է հեռանալ, մենք նրանց պարտադրում ենք մեր վարած հարկային քաղաքականությամբ»,- նշեց նա:
«Եթե մենք խոսում ենք այսօր խորհրդարանական մակարդակի ֆեոդալներից ազատվելուց, և ես սրտի ցավով եմ նայում այս դահլիճի դատարկ աթոռներին, սա հենց սոցիալ-քաղաքական ճգնաժամի արդյունք է: Մենք պետք է ուշադրություն դարձնենք այս ամենին: Իմ գործընկերն ասաց՝ նույնիսկ 24 ժամ չտևեց մի ողջ քաղաքական ուժի ենթարկել դեպրեսիայի, տարբեր գործիքներ կիրառել, գնահատականներ տալ: Սա նման է, երբ ծնողն ընտանիքում ունենում է աճեցրած զավակ, հետո ասում ես՝ ես հրաժարվում եմ որպես զավակ քեզանից: Հրաժարվել պետք չէ, պետք է ուղղորդել նրան»,- նշեց նա: