Փետրվարի 23-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ «Պահպանելով միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, արտացոլելով պատմությունը` վերահաստատում ենք անվերապահ աջակցությունը ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին» խորագրով բաց քննարկում, որը նախագահում էր Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յին:
Քննարկմանը մասնակցում էին ՄԱԿ Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նոր Զելանդիայի, Մալայզիայի, Լիտվայի, Նիգերիայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները, Իսպանիայի, Անգոլայի ԱԳ պետքարտուղարները:
Իր ելույթում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կարևորեց ՄԱԿ կանոնադրությամբ ամրագրված ինքնորոշման իրավունքը, որը հնարավորություն ընձեռեց ՄԱԿ-ի ներկայիս 193 պետություններին ամրագրել իրենց անդամակցությունը Կազմակերպությանը։ Ընդգծելով ինքնորոշման սկզբունքի իրագործման անհրաժեշտությունը` դեսպան Մնացականյանը կարևորեց ժողովուրդների կամքի ազատ արտահայտման իրավունքը` որպես միջազգային հարաբերությունների և իրավունքի անկյունաքար։ Միաժամանակ ՀՀ դեսպանը նշեց, որ անկախ լուծումների բազմազանությունից` ՄԱԿ այսօրվա անդամների թվաքանակը ինքնորոշման իրավունքի հաղթարշավի վառ ապացույցն է: Այս սկզբունքը պետք է գերակայի և իրագործվի, և պայման չէ, որ այն հակասի կամ խախտի որևէ երկրի տարածքային ամբողջականությունը, ինչի ապացույցը հանդիսացավ վերջերս Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն: Ուստի, եթե անդամ պետությունները հաստատակամ են ապագայում ոճրագործությունների և բռնությունների կանխարգելման հարցում, ապա ինքնորոշման իրավունքի իրագործումը չի կարող ճնշվել կամ անտեսվել` ի շահ տարածքային ամբողջականության:
Իր խոսքում Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաև ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճին և այդ կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքին՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը հարգել ՄԱԿ կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված, այդ թվում համանախագահների կողմից ներկայացված և համաձայնեցված, հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները։ Հիշատակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ադրբեջանին ուղղված կոչը` խաղաղ կարգավորման վերաբերյալ իր պարտավորությունները հարգելու հարցում: «Փոխվստահության միջոցների հաստատումը, այդ թվում դիպուկահարների հետքաշումն ու զինադադարի դեպքերի լիակատար հետաքննությունը, հանդիսանում են ներկա պահի գերակայություն», - հավելեց դեսպանը և կոչ արեց Ադրբեջանին անվերապահորեն համաձայնել դրանց։
Անդրադառնալով ՄԱԿ ստեղծումից ի վեր անցած 70 տարիներին` դեսպան Մնացականյանը նշեց, որ Կազմակերպության հիմնադրումից դեռևս 30 տարի առաջ հայ ժողովուրդը ենթարկվեց ջարդերի և արտաքսման, որոնք տարիներ անց հիմք ծառայեցին Ռաֆայել Լեմկինի կողմից ցեղասպանության իրավական սահմանման համար։ Ցավոք, այդ թվում նաև միջազգային հանրության ոչ բավարար ներգործության արդյունքում՝ մինչ օրս Հայոց ցեղասպանության ոճրագործները չեն ընդունել այն, մինչդեռ շուրջ քսան տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունը միջազգային հանրության լռության արդյունք էր։
Դեսպանը նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Հայաստանը պատրաստակամ էր Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորել, սակայն հայկական կողմի բարի կամքն ըստ արժանագույնս չգնահատվեց Թուրքիայի կողմից: «Այսօրվա ժխտողականության քաղաքականությունը աջակցում է հետագա ոճրագործներին», - հավելեց Զոհրաբ Մնացականյանը` ևս մեկ անգամ հիշեցնելով Լեհաստան ներխուժման նախաշեմին Հիտլերի խոսքերն առ այն, թե «…ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: «Մարտահրավեր նետելով ժխտողականությանը` նշեմ, որ այդ մասին խոսում են միլիոնավորները, այդ թվում` Թուրքիայում», - իր խոսքն ամփոփեց դեսպանը: