Ստամբուլի դատարանը երեքշաբթի ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ թուրք լրագրող Էմրե Ուսլուին կալանավորելու որոշում է կայացրել երկրի ղեկավարության հեռախոսազանգերը ապօրինի գաղտնալսելու գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Khabertjurk հեռուստաընկերությունը։ Ընդհանուր առմամբ գործով անցնում են մի քանի տասնյակ մարդիկ, որոնցից 27-ը կալանքի տակ են գտնվում։ Նրանց մեղադրում են ավելի քան 100 մարդու, որոնց թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի եւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռախոսազանգերը գաղտնալսելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։

Գյուլենի հարցով դատարանը նախկինում ձերբակալման որոշում էր կայացրել հանցագործ խմբավորում ստեղծելու մեղադրանքով։ Ուսլուի հանդեպ առաջին անգամ է դատական վարույթ հարուցվում գաղտնալսումների մեղադրանքով։ Նա աշխատում է Taraf թերթի խմբագրությունում, որը բազմիցս իշխանությունների դժգոհությունն առաջ բերող նյութեր էր հրապարակում, ինչի պատճառով պարբերականը հաճախ դատական վարույթների մասնակից էր դառնում։

Այս տարվա փետրվարին դատարանը որոշել էր ձերբակալել մի լրագրողի Ազգային հետախուզության նախկին պետ Հաքան Ֆիդանի հասցեին մամուլում «վիրավորանք և հերյուրանք» տարածելու մեղադրանքով։