Փետրվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 3-րդ բանակային զորամիավորման ենթակա մի շարք զորամասերում:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան մի շարք զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:

Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը եղել է զորամասերի տեխնիկական և թիկունքային ապահովման ստորաբաժանումներում, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու նորոգման բազաներում, հետևել է ընթացիկ աշխատանքներին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հրամկազմի հետ քննարկել է նաև առկա խնդիրները, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման հետագա անելիքները:

Պաշտպանության նախարարին են ներկայացվել զորամասերի բարեկարգմանն ուղղված կապիտալ շինարարական աշխատանքները, մի շարք օժանդակ շինությունների վերակառուցման ընթացիկ և հեռանկարային ծրագրերն ու դրանց շահագործման վերջնաժամկետները:

Այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է նաև զինվորական հոսպիտալներից մեկում, տեղում ծանոթացել է բժշկական սարքավորումներով հագեցվածությանը, զրուցել է հոսպիտալի բուժանձնակազմի և բուժվող զինծառայողների հետ՝ վերջիններիս մաղթելով շուտափույթ ապաքինում:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել Գուգարաց թեմի առաջնորդարանում Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: