Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:

Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման նպատակն է երկարաժամկետ հատվածում Հայաստանի բանկային համակարգի հուսալիության պահպանումը, երկարաժամկետ հատվածում կայունության երաշխիքների ապահովումը և ֆինանսական միջնորդության խորացումն է: Այն ուղղված չէ որևէ բանկի փակմանը, կամ բանկերի քանակի նվազեցմանը:

Որոշումը ՀՀ կենտրոնական բանկի երկարաժամկետ քաղաքականության շարունակականությունն է, և արդեն 2 տարի շարունակ այս հարցը պարբերաբար քննարկվել է առևտրային բանկերի սեփականատերերի և ղեկավարների հետ: Վերջիններս պատրաստակամություն են ցուցաբերել և արդեն սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ:

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի: Հայաստանի բանկային համակարգը կայուն է և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին: Ուստի բանկերի հաճախորդները մտահոգվելու կարիք չունեն և բացի իրենց բանկային ծառայությունների բարելավումից այլ բան պետք չէ ակնկալեն: