Փետրվարի 28-ին Մոսկվայի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ. փետրվարի 27-ից 29-ը սումգայիթյան ջարդերին զոհ դարձած հայերի հիշատակին նվիրված ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, մոսկվահայեր:
Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Եսայանն ընդգծեց, որ 27 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների սանձահարմամբ տեղի ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության ամենամեծ ողբերգություններից մեկը: «Այս օրերին մենք վերստին հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթում անմեղ զոհված մեր հայրենակիցների հիշատակին` դատապարտելով 1988թ. զարհուրելի իրադարձությունները: Սումգայիթի ջարդերը, որոնք նպատակ էին հետապնդում կասեցնելու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու ձգտումներն ու թևաթափ անելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված հայության արդարացի մղումները, չընկճեցին մեզ, և Լեռնային Ղարբաղի Հանրապետության հռչակումը դարձավ իրականություն», - նշեց դեսպանը:
Այնուհետև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի արարողություն: Եկեղեցու տարածքում կայացավ մոմավառություն: