Պաշտոնաթող նախագահին տրամադրվող բնակարանը կարո՞ղ է ժառանգների կողմից օգտագործվել և փոխանցվել հաջորդ սերունդներին,-  «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը հետաքրքրվեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Այնուհետև նա հետաքրքրվեց, թե քննարկվե՞լ է արդյոք պաշտոնաթող բոլոր նախագահներին նույն տարածքում բնակարան հատկացնելու հարցը:

«Թող իրար հետ մի քիչ շախմատ խաղան, զբաղվեն, սուրճ խմեն, գուցե ագրեսիան մի քիչ նվազի պաշտոնաթող նախագահների մոտ»,-ժպտալով ասաց նա:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև սահմանել, որ ՀՀ պաշտոնաթող նախագահը ցմահ ապահովվում է կահավորված գրասենյակով:

Մինասյանը խոսեց նաև ավելի վաղ հնչած հարցի հետ, թե սահմանադրական փոփոխությունների դեպքում՝ ով է լինելու երկրի առաջին դեմքը. «Նախագահի պաշտոնը պահպանվում է, պարզապես առաջնային մանդատով չի օժտվում, այլ երկրորդային, բայց ինստիտուտը պահպանվում է»:

«Դուք երևի հյուր էլ կուզեք գնաք, հա՞, պարո՛ն Մինասյան, շախմատ խաղալու»,-տեղից արձագաքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Մինասյանն առաջարկեց նաև օրենքի անվան մեջ փոփոխություն կատարել, քանի որ, ըստ էության, սա կենսաթոշակ չէ, քանի որ պաշտոնաթող նախագահը կենսաթոշակ ստանալու համար դիմում չի գրում: