Այսօր ԱԺ-ում արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Գ. Սահակյանը հայտարարեց, որ օրենքում առաջարկվող փոփոխությունները պետք է անպայման ընդունվեն: «Ես ուշի ուշով հետևել եմ բոլոր ելույթներին: Վերջին շրջանում փորձում եք սեփական փիլիսոփայությունը ներկայացնել հանրությանը: Իհարկե, կարծում եմ, որ առաջարկություններ եղան, կարելի է նայել», – նշեց նա:

Սահակյանն, ասաց, որ երբեք չէր մտածի, որ այս հարցի քննարկումն այսքան երկար կտևի: «Դուք պատկերացնո՞ւմ եք` արտոնություններ չտրվեն, որ պետությունն է մեզ հարգելու, կամ որ ժողովուրդն է մեր ժողովրդին հարգելու: Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատներից մեկը ես եմ եղել, բայց դա չի նշանակում, որ նա մեր պատմության մեջ դերակատարում չի ունեցել», – նշեց նա և հավելեց, որ տարիներ առաջ ժողովուրդը հենց ՀՀ առաջին նախագահին է հետևել և անկախացել: «Մենք բոլորս էլ մարդիկ ենք, կարող ենք թերություններ էլ ունենանք, սխալներ էլ ունենանք: Էս ամբիոնը հարգե´ք մի քիչ: Ես էլ կարող եմ ասել, որ էնքան նվաստացած եմ զգացել էս տարիներին, որ եղած-չեղածները նախագահի թեկնածություն են դրել», – հավելեց նա:

Անդրադառնալով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի հարցին, թե ինչու  նախագիծը չի վերաբերում նաև երկրի երկրորդ և երրորդ դեմքերին` ԱԺ նախագահին և վարչապետին, Գալուստ Սահակյանը նշեց. «Այս օրենքը չի կարող մեզ վերաբերվել, մենք թոշակի գնացողը չենք»: