Սամվել Մայրապետյանը, ով հանդիսանում է Local Development ընկերության սեփականատեր, որի ընկերությունը 2007-ից առ այսօր հանդիսանում է մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի և Լալայանց 37 շենքի կառուցապատողը, դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, բնակիչ Վարդան Գաբրիելյանը՝ նշված հասցեի հետ կապված վերջին զարգացումները ներկայացնելով:
Կառուցապատողը նշված շենքերի բնակիչներին բնակարաններ է առաջարկում Պուշկին 38 հասցեում կառուցված նորակառույցից, կամ գումար՝ քաղաքի այլ թաղամասում բնակարան գնելու համար։
«Կանխելով ոմանց հարցերը՝ կուզենայի անդրադառնալ այն հանգամանքին, որ Սամվել Մայրապետյանը հայտարարություն է անում, որ, իբր, Պուշկին 38 հասցեում շենք է կառուցել բնակիչների խնդրանքով: Կանխավ ուզում եմ ասել, որ դա բացարձակ սուտ է, որովհետև տվյալ շենքերի բնակիչները և ոչ միայն դա, այլև Պուշկին 40 և այլ շենքերի բնակիչները մեզ հետ միասին պայքարեցին, բանը հասավ նրան, որ ոստիկանությունը օր ու գիշեր հսկում էր այդ տարածքը, որտեղ ոչնչացվեց նաև մանկական խաղահրապարակը, որը հանդիսանում էր բակային տարածք»:
Բնակիչները երկընտրանքի առաջ են՝ կամ համաձայնել իրենց բնակարանների դիմաց առաջարկվող ցածր գնին, կամ գնալ բնակվել Պուշկինի 38 շենքում, որի տեխնիկական պայմաններից դժգոհ են: