ՀՀ պաշտպանության նախարարությունում այսօր անցկացվել է ՀՀ Նախագահի կարգադրությամբ ձևավորված Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ անցկացված նիստին մասնակցել են ռազմավարական վերանայման գործընթացին ներգրավված պետական կառավարման բոլոր մարմինները` նախարարների տեղակալների և փորձագետների մակարդակով, ինչպես նաև պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաները:
Ռազմավարական վերանայման 4-րդ փուլում միջանկյալ բնույթ կրող ընթացիկ հանդիպումը նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության Զորային կառույցի մշակման գործում միջգերատեսչական փոխգործակցության հստակեցմանը և վերջնանպատակների, ուղիների ու միջոցների նախանշմանը:
Շնորհակալություն հայտնելով նիստի բոլոր մասնակիցներին` համատեղ ակտիվ ջանքերի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հատուկ կարևորել է հատկապես արդի ժամանակաշրջանում պաշտպանության ռազմավարական վերանայման ամբողջ գործընթացի նշանակությունը: Նշվել է, որ վերանայումն ընձեռում է Հայաստանի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի դեպքում պետական կառավարման բոլոր մարմինների խնդիրները հստակեցնելու ու ներդաշնակեցնելու բացառիկ հնարավորություն:
Հիշեցնենք, որ Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը կիրականացվի մինչև 2015թ. վերջը և նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության և անվտանգային դինամիկ համակարգի` մինչև 2020թ. հեռանկարային զարգացման ապահովմանը: