Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի կողմից մեկ այլ անչափահասի միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ, հայտնում են ՀՀ Քնչական Կոմիտեի մամլո ծառայությունից։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին դիտավորությամբ միջին ծանրության մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով։
Մարտի 3-ին՝ ժամը 21:55-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժնում ահազանգ է ստացվել, որ գանգուղեղային հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 17-ամյա մի բնակիչ (ծնված 25.08.1997թ.)։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անչափահասին աչքի շրջանում մարմնական վնասվածք է պատճառվել օդամղիչ ատրճանակից արձակված կրակոցների հետևանքով՝ 2015 թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:00-ին՝ մի շարք այլ անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, մասնակիցների, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Կասկածյալը քննչական բաժին է ներկայացրել օդամղիչ ատրճանակը։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել անչափահաս կասկածյալին ծնողի հսկողությանը հանձնելը:
Մարմնական վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: