Մարտի 5-ին Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատող խումբը հյուրընկալվեց ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:
ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆեն Էլգերսմային, ՆԱՏՕ-ի Հանրային դիվանագիտության ստորաբաժանման Հայաստանի պատասխանատու Դեսպինա Աֆենտուլիին և ՆԱՏՕ-ի Փոխգործակցության գրասենյակի ՆԱՏՕ-ի ծրագերի ավագ խորհրդատու Սվեյն Ամունդսենին ընդունեց Պաշտպանության նախարարի խորհրդական-Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
Հյուրերին ուղեկցում էր արտաքին գործերի նախարարության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Գագիկ Հովհաննիսյանը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի տեղակալ-Վերլուծական կենտրոնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը, Վերլուծական կենտրոնի գիտնական-վերլուծաբաններ:
Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրեց Ինստիտուտի առաքելությունը, նպատակը, գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Ինստիտուտի հիման վրա` Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ձևավորման գործընթացը: Ծավալված զրույցի ընթացքում դոկտոր Քոթանջյանը և Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանները մանրամասն ներկայացրեցին ձևավորվելիք Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի գիտակրթական ծրագրերը: