ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հրավերով մարտի 8-ին եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Չեխիա:
Պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:
Խորհրդարանական պատվիրակությունը մարտի 9-ին կմասնակցի Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո անցկացվելիք «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը, որտեղ հայկական պատվիրակության ղեկավարը հանդես կգա ելույթով: Նույն օրը ԱԺ պատվիրակությունը կհանդիպի Չեխիայի պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկի հետ:
Մարտի 10-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Պրահայի Կարլի համալսարանում «Ցեղասպանության հանցագործություն. իրավական եւ քաղաքական ասպեկտները» խորագրով գիտաժողովին հանդես կգա ելույթ-դասախոսությամբ: Նախատեսվում է հայ խորհրդարանականների հանդիպումը Չեխիայի սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: