Բաքուն շարունակում է հակադրվել Մինսկի խմբի համանախագահներին և անում է առավելագույնը՝ խաղաղ բանակցությունները ձախողելու համար: Այսօր՝ մարտի 16-ին, Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նախարարը նշեց, որ Բաքուն մերժում է համանախագահների առաջարկները ոչ միայն հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների, այլև՝ վստահության ամրապնդման, միջոցների իրականացման վերաբերյալ: ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող մարմինը Մինսկի խումբն է։

«Վերջին մեկ տարում Բաքուն լրջորեն սրել է իրավիճակը, և նման քաղաքականությունը պատճառ է հանդիսացել աննախադեպ մեծ թվով կորուստների՝ հակամարտության բոլոր կողմերի համար»,- ասաց Նալբանդյանը՝ ընդգծելով, որ վերջին տասը տարիների ընթացքում այդ երկիրը երեսուն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և սպառնում է հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։

«Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, մշտապես կողմ է եղել և այժմ էլ կողմ է համանախագահ երկրների առաջարկների վրա հիմնված բանակցությունների շարունակմանը՝ ուղղված հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ավարտեց իր խոսքը նա: