Ազգային մշակույթը ցանկացած ազգի բարեկեցության և պահպանման հենասյուներից մեկն է։ Գիտակից և գրագետ սերնդի դաստիարակման գործում ազգային երաժշտության դերը կարևորում է նաև երգիչ Դավիթ Ամալյանը։

- Սերունդ դաստիարակելը նաև ազգային երաժշտության խնդիրն է։ Ավարտել եմ Կոնսերվետարիայի շվիի և Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանակավարժական քոլեջի ջազային բաժինները։ Երկու տարբեր ուղղություններ։ Մի դեպք հիշեցի։ Մեկ օր կոնսերվատորիայում լարայինների հետ միասին էինք դասն անցկացնում և անհրաժեշտ էր լսել դասական երաժշտություն։ Պարզվեց, որ Բախ ենք լսելու։ Կուրսից ռեպլիկներ լսվեցին, որ Բախի ժամանակը չի։ Բախի անունը զզվանքով ու հեգնանքով ասվեց։ Սկսեցի վիճել։ Ասացի, որ, եթե Բախը չլինի, ապա ժողովրդականը չենք կարողանա հասկանալ։ Մի քանի օր անցավ։ Այս անգամ էլ ջութակահարների հետ էինք դասն անցկացնում: Պետք է ուսումնասիրենք Սայաթ-Նովա։ Հիմա էլ սրանք սկսեցին Սայաթ-Նովա չուզել ու Բախ ուզել։ Այս անգամ էլ սկսեցի բացատրել, որ առանց Սայաթ-Նովայի, դուք Բախից բան չեք հասկանա։ Այսինքն՝ ճիշտ դաստիարակության համար կրթությունը պետք է բազմակողմանի և շղթայական լինի, բայց այն արդյունավետ է, եթե ի սկզբանե գիտես ազգայինդ։

- Որքանո՞վ ենք այսօր մենք կարողանում պահպանել մեր ազգայինը:

- Հենց ասում ենք ազգային, ապա տրեխներով ու տարազով դուրս ենք գալիս բեմ, իսկ հենց ասում ենք ժամանակակից, ապա տղաներն ականջողեր են կախում ու էլի դուրս գալիս բեմ։ Հայ ազգն ունի իրենը չգնահատելու ու ամեն հարցում հարևանին նայելու վատ սովորությունը։ Հավանաբար չկա մերը ճիշտ գնահատելու կարողությունը և եղած մշակութային ժառանգությունը փոխանցելու ցանկությունը։

- Ո՞րն է փրկության «դեղատոմսը»։ Ինչպե՞ս պահպանենք ազգային արժեքները։

- Ուզում եմ, որ ազգովի ծայրահեղությունների մեջ չընկնենք։ Պարզապես պետք է գիտակցել ազգային մշակույթի դերը։ Չպետք է շարունակ տարվել օտարամոլությամբ։ Ժամանակակիցին զուգահեռ, պետք է ամեն կերպ պահպանել ունեցածը։ Ամեն ազգ չունի Կոմիտաս ու Նարեկացի։

Հեղինակ՝ Անահիտ Կասամանյան