«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական լրատվամիջոցները երեկ տեղեկացրեցին, որ Ռուսաստանից հեռանում են ավտոարտադրող «Opel» և «Chevrolet» ընկերությունները: Այս որոշումը նշված ընկերությունները կայացրել են Ռուսաստանում իրենց արտադրած ավտոմեքենաների վաճառքների կտրուկ նվազման պատճառով:

Սա որոշակի ազդեցություն կարող է ունենալ նաև հայկական ավտոշուկայի վրա: Խնդիրն այն է, որ Հայաստան ներկրվող նոր «Opel» և «Chevrolet» մոդելների մեքենաների մեծագույն մասը հավաքված է Ռուսաստանում:

ՌԴ-ից այդ ընկերությունների հեռացումը նշանակում է, որ մեր ավտոդիլերները այդ մոդելների մեքենաները պետք է սկսեն ներկրել այլ երկրներից: ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաները մաքսային որոշակի արտոնություններ ունեն, իսկ դա նշանակում է, որ այլ երկրներից ներկրվող «Opel» և «Chevrilet» մեքենաները կսկսեն ներկրվել առանց մաքսային արտոնությունների և որոշակիորեն կթանկանան:

Եթե խոսքը վերաբերեր միայն այս երկու ընկերությանը, ապա դա այնքան էլ էական չէր լինի, բայց ՌԴ-ում ավտոմեքենաների վաճառքների ծավալները նվազել են 1/3-ով, ինչը նշանակում է, որ նման խնդրի առջև կարող են կանգնել նաև այլ ավտոարտադրողներ: Այդ դեպքում ազդեցությունը մեզ վրա կլինի ավելի շոշափելի»: