Մեծաքանակ երկրպագուների և հետաքրքրասերների ցանկությունը բավարարելու համար YerevanNews.am-ն անցած աշնանը հանդիպել էր երգիչ Արմոին և նրա կնոջը:

- Միայն սերը բավարա՞ր է երջանիկ լինելու համար:

- Եթե կա սեր, ուրեմն կլինեն նաև մնացածը՝ հնազանդություն, բարություն, խոնարհություն և այլն: Այս ամենն Աստծո պարգևներն են մարդուն, քանի որ Աստված սեր է և սիրո հետ այդ ամենը տալիս է մարդուն: Միայն այդ ժամանակ կարելի է երջանիկ լինել: Իսկ լիակատար երջանիկ լինելու համար մարդ պետք է լինի երկնքում՝ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի հետ միասին:

- Արմո – մարդ տեսակի և Արմո – երգչի ամենացայտուն տարբերությունը բոլորից լավ նկատած պետք է լինի կողակիցը:

- Անկեղծ ասած երբևէ չեմ շփվել Արմո – երգչի հետ: Հենց առաջին օրվանից ես նրան որպես Արման եմ ճանաչել և որպես պայման անկեղծությունն ենք ունեցել: Հենց դա էլ հանդիսացել է մեր սիրո ամրության և հարատևության հիմքը:

 

- Անի, երբեք չեք համաձայնի, որ Արմոն… շարունակեք:

- Երբեք պետք չէ ասել երբեք: Կյանքն ինձ անձնապես ապացուցել է այս խոսքերի ճշմարտացիությունը:


- Արմոի երգացանկից ո՞րն երգն եք ամենից շատ սիրում:

- « Ուշ է հիմա» երգը:

- Արմո, ինչպիսի՞ն էիք Ձեր կնոջը հանդիպելուց առաջ և ինչպիսի՞ն եք այժմ:

- Չեմ ուզում պատմել, թե ինչպիսին եմ եղել, դա հաստատ լավ օրինակ չի ծառայի ընթերցողին, իսկ Անիին հանդիպելուց հետո կյանքս 180 աստիճան փոխվեց: Հենց Անիի միջոցով ես լսեցի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Այդ ժամանակվանից մինչև հիմա ես իմ կյանքն ու սիրտը տվեցի նրան և Աստծո հետ ուխտ արեցի, որ մինչև վերջին շունչս հավատարիմ մնամ իրեն, որ այս կյանքից հետո վայելեմ այն կյանքը, որն Աստված առաջարկում է ամեն մեկիս:

- Ե՞րբ եք վերջին անգամ սեր խոստովանել միմյանց:

- Երեկ: Այսօր դեռ չենք հասցրել: (ժպտում են միմյանց ):

 - Արմո, կա՞ այնպիսի բան, որ մինչև հիմա չեք ասել Ձեր կնոջը և կցանանաք հիմա ասել:

- Բոլորն էլ ասել եմ և ասում եմ: Իսկ հիմա պարզապես կասեմ. « Անիս Աստծո նվեր է ինձ համար »:

- Ինչպիսի՞ բանաձև կտաք  «խանդ» ասվածին. անվստահությու՞ն, վա՞խ, թե՞ սիրո դրսևորում:

- Եթե երկու կողմերը միմյանց սիրում են անմնացորդ սիրով, այդ ժամանակ խանդը կկորչի անհետ:

- Արմո, արտաբերեք ընդամենը մեկ բառ, որը կբնութագրի Անիին:

- Բարեպաշտ: