«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ճանապարհորդության ծրագրերում չի ընդգրկված ապրիլի 24-ին Հայաստան այցելելու ծրագիրը»:
 
Այս մասին, ըստ «Հուրիեթ» պարբերականի, հաղորդել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլին:
 
«Որքանով տեղյակ եմ, նման այցելության մասին ծրագրեր չկան: Այդ մասին հաղորդագրությունը բացարձակապես անակնկալ է եղել ինձ համար», - ասել է դեսպան Բիլին:
 
Հիշեցնենք, որ նույն պարբերականն այս շաբաթվա սկզբին հաղորդել էր այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին՝ «ընդունելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված՝ Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը»:
 
Պարբերականը, «վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրները», հաղորդել էր նաև, թե Օլանդը նախատեսում է մինչև 2014 թվականին կայանալիք տեղական ընտրությունները «ցեղասպանությանը նվիրված համոզիչ ուղերձով» հանդես գալ ֆրանսիահայ համայնքի առջև:
 
Ֆրանսիայի Սենատն անցյալ տարվա հունվարի 23-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:
 
Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում էր մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
 
Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սակայն մոտ մեկ ամիս անց հակասահմանադրական էր ճանաչել այս օրինագիծը: