«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի բժշկական կենտրոններն ու պոլիկլինիկաները լեփ-լեցուն են. պատճառը սուր շնչառական վարակներն են ու գրիպը: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ երեւանյան մանկապարտեզներում նվազել է երեխաների հաճախելիությունը, փոխարենը այն պոլիկլինիկաներում է ավելացել: Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մեկ աշխատանքային շաբաթով երկարաձգեց գարնանային արձակուրդները:

Այն կտեւի մինչեւ այս տարվա մարտի 29-ը ներառյալ: Իսկ դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչեւ ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, առիթից օգտվելով, բոլոր քաղաքացիներին խորհուրդ տվեց եղանակային այս պայմաններին զգոն լինել եւ ամենակարեւորը՝ խուճապի չմատնվել:

«Այս պատճառով առողջապահության նախարարությունը գարնանային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Այս պահին էլ մոնիտորինգը շարունակվում է, եւ մենք հիմա գտնվում ենք սեզոնի մեջ, դրա համար առաջին հերթին պետք է չշփվել հիվանդների հետ:

Հիվանդ վիճակում դպրոց, մանկապարտեզ եւ աշխատանքի չգնալ, անմիջապես դիմել բժշկի, հակաբիոտիկներ աննպատակ չօգտագործել, որովհետեւ դրանով կարող են ավելի վատացնել օրգանիզմի վիճակը»,- խորհուրդ տվեց Թորոսյանը»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: