Թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Հարգելի թատերական գործիչներ, թատերական արվեստի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Ձեր աշխատանքով և արվեստով դուք անտեսանելի եք դարձնում իրական և բեմական աշխարհի սահմանագիծը՝ հանդիսատեսին տեղափոխելով մի տարածք, որտեղ կյանքն այնպիսին է, ինչպիսին կա, ինչպիսին ցանկալի է, որ լինի, ինչպիսին պետք չէ, որ լինի:
Հայկական թատերարվեստի՝ աշխարհում հնագույններից մեկի հիմնավոր ավանդույթները զարգացնելով՝ դուք արժանապատվորեն շարունակում եք իսկական արվեստագետին վայել գործունեություն ծավալել ի հեճուկս ժամանակի մարտահրավերների՝ հարստացնելով մշակույթը, տարաժամանակյա չընդհատվող երկխոսության մեջ լինելով դահլիճում ներկա հանդիսատեսի և, միաժամանակ, երկրի քաղաքացու հետ:
Թող որ լավատեսությունը, ստեղծագործական եռանդն ու ոգևորության ավյունը մշտապես լինեն ձեզ հետ՝ մղելով բեմական նոր նվաճումների և բերելով նոր հաջողություններ: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք»: