Եմենում և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ երկրում իշխող վարչակարգի դեմ լուրջ հաջողություններ արձանագրած շիայադավան հութիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ իսլամի սուննիական ուղղության շուրջ 1 տասնյակ ոչ միայն արաբական պետությունների կողմից ձևավորված կոալիցիայի՝ դեռևս միայն օդային հարվածներ հասցնելու մարտավարության ֆոնին, անշուշտ մեկ հարց է դառնում առաջնային՝ ինչպե՞ս կդրսևորի իրեն Իրանը, արդյո՞ք կդիմի համարժեք պատասխան գործողությունների:
Միանգամից կարելի է հավաստել, որ գոնե կարճաժամկետ հեռանկարում Իսլամական Հանրապետությունը հազիվ թե գնա ուղղակի միջամության ճանապարհով: Իսկ Իրանի հնարավոր գործողությունները կարելի է դասակարգել՝ ըստ հետևյալ ուղղվածությունների՝
1. Բավականաչափ և ուղղակիորեն ներգրավված լինելով Իրաքում, Սիրիայում, մասսամբ նաև՝ Լիբանանում ծավալվող գործընթացներում՝ Իրանը հազիվ թե նմանատիպ միջամտություն ցուցաբերի նաև Եմենում՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման ներգրավվածությունը կարող է հանգեցնել ոչ միայն ուղղակի առճակատման վերոնշյալ կոալիցիայի հետ, այլ նաև վերաճի իսլամի երկու՝ սուննի և շիա ուղղությունների միջև առավել լայնամասշտաբ հակամարտության՝ հղի կործանարար հետևանքներով ողջ Մերձավոր Արևելքի և առհասարակ ամբողջ իսլամական աշխարհի համար:
2. Իրանի գործողություններն առավելապես կլինեն դիվանագիտական դաշտում: Պաշտոնական Թեհրանը ոչ միայն կսահմանափակվի եմենյան գործընթացներին արտաքին միջամտության դեմ ուղղված քննադատական հռետորաբանությամբ, այլև կփորձի այդ հարթակում համախմբել հնարավոր համախոհներին: Թերևս նաև այս համատեքստում են նախօրեին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ ունեցած հեռախոսազրույցները, նաև՝ խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ տեղափոխելուն միտված հնարավոր քայլերը:
3. Այս ուղղվածությունն անմիջականորեն կապված է նախորդի հետ: ՌԴ-ի, Օմանի սուլթանության հետ համատեղ փորձել ներազդել արևմտյան գերտերությունների վրա՝ նպատակ ունենալով հասնել վերջինների ճնշմանը կոալիցիայի անդամ արաբական պետութունների կողմից ռազմական գործողությունների դադարեցմանը:
4. Դիվանագիտական նախաձեռնությունների տապալման դեպքում, իսկ գուցե նաև դրանց իրականացմանը զուգահեռ թիկունքային ակտիվ աջակցություն հութիներին, և սա այն դեպքում, երբ ցամաքային գործողությունների շրջանակներում վերջինները, չհանդիպելով լուրջ դիմադրության, ակնհայտ հաջողություններ են գրանցում: Այս համատեքստում նաև չի բացառվում շիայական գործոնի համընդհանուր մոբիլիզացիային նպատակամղված գործողությունները:
5. Ներեմենյան քաղաքական երկխոսության հասնելու համար հութիների վրա անհրաժեշտ ճնշման գործադրում:
Ինչպես վերոնշյալ դեպքերում, այնպես էլ մարտավարական հնարավոր այլ տարբերակի պարագայում, մի բան ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքը կանգնած է լուրջ փորձությունների առջև, և ցանկացած անխոհեմ գործողություն կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար:
Արմեն Պետրոսյան՝ ֆեյսբուք