«ՄԻԿՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահան Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ որպես քաղաքական մեկնաբան հանդես եկող Մենուա Հարությունյանի հորը պատկանող «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-ն ավելի քան 2 տարի չի վճարում իրենց պարտքը:

Հայտարարությունում մասնավորապես, ասվում է.

«Որպես քաղաքական մեկնաբան հանդես եկող Մենուա Հարությունյանի հորը պատկանող «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2012 թվականի հունիսի 15-ից «ՄԻԿՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր արժողությամբ 3.207.200 (երեք միլիոն երկու հարյուր յոթ հազար երկու հարյուր ) ՀՀ դրամի շինանյութ, սակայն հետագայում պատշաճ չի կատարել վճարման իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Տարիներ շարունակ մեր ընկերությունը համբերատար լսել է վճարումների ուշացման հետ կապված տարաբնույթ անհիմն բացատրություններ ու կեղծ հավաստիացումներ, սակայն պարտավորությունները մնացել են անկատար։

Ընկերությունների միջեւ 2014 թվականի դեկտեմբերի 19-ին կազմված Պարտավորությունների փոխադարձ ստուգման ակտով արձանագրվել է, որ 2014 թվականի դեկտեմբերի 19-ի դրությամբ «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերության պարտքը կազմում է 1.972.800 (մեկ միլիոն ինը հարյուր յոթանասուներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ, որը վերջինս պարտավորվել է վճարել մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 25-ը։ Կից ներկայացվում է այն հավաստող փաստաթուղթը։

Ձեռք բերված ապրանքի համար «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը մինչ օրս սակայն չի վճարել 1.822.800 (մեկ միլիոն ութ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումար, որը բռնագանձելու պահանջով էլ «ՄԻԿՄԵՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերությանը դիմել է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։

«ՄԻԿՄԵՏԱԼ» ՓԲ ընկերությունն համոզված լինելով, որ հայցի ապահովման միջոց չձեռնարկելը կարող է հանգեցնել սույն գործով կայացվելիք վճռի կատարման դժվարացմանը, միջնորդել է դատարանին հայցագնի չափով արգելանք դնել պատաuխանող «ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԵԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, ինչը եւ դատարանի կողմից բավարարվել է եւ հետագայում օրենքով սահմանված կարգով ապահովվել է ԴԱՀԿ-ի կողմից»։