Մարտի 30-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված զորամասերից մեկում: Աշխատանքային այցելության շրջանակում անցկացվել են պլանային ստուգումներ:
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի և ԶՈւ ԳՇ վարչական ապարատի ղեկավար, գեներալ-մայոր Արիս Բրուտյանի, բարձրաստիճան այլ սպաների ուղեկցությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը շրջել է զորամասի տարածքում, հետևել է ծառայության կազմակերպման ընթացքին, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությանը:
Զորամասում անցկացված հավաք-խորհրդակցության ընթացքում Յուրի Խաչատուրովը զրուցել է սպայական անձնակազմի հետ, հետաքրքրվել նրանցից յուրաքանչյուրի պարտականությունների իմացությամբ, խոսել է հայտնաբերված բացթողումների մասին: Իր խոսքում ՀՀ ԶՈւ ԳՇ պետն անդրադարձել է նաև վերջին տարիներին զորամասի անձնակազմի արձանագրած ձեռքբերումներին և շնորհակալություն հայտնել բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին:
Խորհրդակցության ավարտին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը զորամասի հրամանատարությանը համապատասխան հրահանգներ և ցուցումներ է տվել ստուգումների ընթացքում արձանագրված բացթողումները կարճ ժամանակահատվածում շտկելու համար: