«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում պաշտոնյաները մեծապես նշանակվում են ոչ թե մասնագիտական ունակություններով ու կարողություններով պայմանավորված, այլ պաշտոնյային «չնեղացնելու» կամ ուրիշ շահադիտական դրդապատճառներով: Ու շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ հայրենի պաշտոնյաների մեծ մասը «հրաշամանուկներ» են և հաջողությամբ կարողանում են գլուխ հանել բոլոր ոլորտներից:

Օրինակ՝ Արամ Հարությունյանը, որ նախօրեին նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ, մասնագիտությամբ ճարտարապետաշինարար է: 1984-1985թթ Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասում բանվոր է աշխատել: Այնուհետև ճանապարհաշինարարական տեղամասի բանվորը կարճ ժամանակ անց «տեղավորվել է» գյուղատնտեսական ոլորտ՝ 4 տարի աշխատելով «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեում որպես քարտուղար: Բայց քարտուղարի աշխատանքն էլ նրան չի բավարարել, և Արամ Հարությունյանը որոշել է պատերազմական թեժ տարիներին փախչել Ռուսաստանի Դաշնություն. 1992-1994թթ նա այնտեղ զբաղվել է առևտրային գործունեությամբ:

Եվ, ահա, 1994-ին հարստացած, «չաղացած» վերադարձել է հայրենիք և մինչև 1996-ը աշխատել է «Հայինկոմսպասարկում», այնուհետև՝ «Հայպտուղարտ» ՊՁ-ներում՝ տնօրեն:

Հետո տնօրենի գործը Հարությունյանն իր համար քիչ է համարել՝ որոշելով մտնել մեծ քաղաքականություն: Նա իր առաջին քայլերն արեց «Օրինաց երկիր» կուսակցության հետ՝ անդամագրվելով նրանց շարքերը: 1999-2003թթ. եղել է ԱԺ պատգամավոր ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Բայց երբ երկրորդ անգամ է պատգամավոր ընտրվել 2003-ին, ամենագետ օրենսդիրը ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է դարձել: Նկատեցի՞ք անցումը: Բնապահպանական, սոցիալական հարցերից պատգամավորը կտրուկ անցում է կատարել ֆինանսական հարթություն:

Ու քանի որ սկսել է ֆինանսներից էլ «գլուխ հանել», ավելի մեծ թռիչք ունեցավ՝ միանգամից 2004-ին նշանակվելով ՀՀ քաղաքաշինության նախարար: Այստեղ ոլորտը մի լավ «շինելուց» և ֆինանսական խնդիրների հետ «մոտիկից» առնչվելուց հետո Արամ Հարությունյանը 2007-ին նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար: Մինչև 2014-ը Արամ Հարությունյանը շարունակում էր «պահպանել» բնությունը՝ հընթացս «թեթևացնելով» մեր անտառները, ջրային ու մյուս բնական ռեսուրսները, գրեթե ճահճուտի վերածեց Սևանա լիճը: Բայց այս ընթացքում Արամ Հարությունյանը հասցրեց դուրս գալ իր հարազատ «Օրինաց երկիր» կուսակցությունից՝ դառնալով ցեղակրոն Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ:

Եվ, ահա, 2014-ին նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թե ինչ կապ ունեին Հարությունյանի զբաղեցրած պաշտոններն ու մասնագիտությունը մարզային չինովնիկի կարգավիճակի հետ, դժվար է ասել: Բայց որ Հարությունյանին չափից ավելի շատ պաշտոններ են վստահվել, որքան էլ որ անտրամաբանական, միևնույն է՝ աներկբա է»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: