ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ:
Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո եւ երախտագիտության դրսեւորումները համաշխարհային, ինչպես նաեւ հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի եւ կարեւոր մասն են:
Առողջ, կիրթ եւ հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին եւ արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք եւ սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբեն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց եւ մեր փրկությանն ու վերապրումին: Այսօր մենք մեծարում ենք մեր մայրերին. նրանք են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք` ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգեւող եւ տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների:
Կրկին շնորհավորելով գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ բոլոր մայրերին մաղթում եմ ընտանեկան երջանկություն եւ մայրական հպարտություն»: