Մշակութային տարբեր գործիչներ ազգային երաժշտությունը համեմատում են մայրենի լեզվի հետ։ Ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը համակարծիք է այս մտքի հետ: Ըստ նրա՝ ազգային մշակույթի հիմնախնդիրները մշտապես արդիական թեմա են։ Մշակութային հիմնախնդիրների, ազգային երաժշտության ներկայացման և պահպանման խնդիրների մասին YerevanNews.am-ը զրուցեց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանի հետ:
- Ո՞րն է ազգասեր սերունդ դաստիարակելու Ձեր «բանաձևը»։
- Հայ մարդը ծնվում է այդ «բանաձևը» կրելով իր երակներում։ Երեխային պետք է բացատրել, որ ազգային գիտակցումն առաջին հերթին սեփական ինքնության համար է անհրաժեշտ։ Սա շատ կարևոր երևույթ է։ Երեխան պետք է հասկանա, որ իր լինելության կարևորագույն նախապայմանը իր ազգայինի գիտակցման և պահպանման մեջ է։
- Արդյո՞ք այսօրվա սերունդը գիտակցում է, որ ազգայինը ճանաչելն իր ինքնության կարևորագույն նախապայմանն է։
- Չեմ ուզում միանշանակ պատասխան տալ։ Թերացումները շատ են և այդ ամենն առաջանում է քարոզչության պակասից։ Ոչ բոլոր երիտասարդերն են իրազեկված, բայց կան նաև ազգայինով ապրող երիտասարդներ։ Սա միակողմանի երևույթ չէ։ Հայ երիտասարդը պետք է կարողանա ազգային երաժշտությունը տարբերել օտար երաժշտությունից: Այսինքն, այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ երիտասարդը պետք է միայն ազգային երաժշտություն լսի, այլ պետք է հոգևոր «սնունդ» ստանա միայն ազգային երաժշտության միջոցով։
- Խնդիրն առկա է, իսկ ո՞րն է դրա լուծման եղանակը։
- Մեր երկրում չկա ազգային երաժշտության քարոզման համապատասխան ռազմավարություն, որպեսզի հասկանանք մեր խնդիրների պատճառները և լուծման ճանապարհները։ Եթե մենք սիրենք ու ցանկանանք, ապա այդ հարցը կկարողանանք լուծել։ Ամեն ինչ մնում է միայն անհատների «ուսերին» և այդ անհատ ասվածը կարելի է հասկանալ և՛ լավ, և՛ ոչ այնքան լավ իմաստներով։
- Ովքե՞ր են այդ անհատները և որքանո՞վ է նրանց գործունեությունը բխում ազգային շահերից։
- Խիստ հարաբերական է պատասխանել ու ասել, թե, ովքեր են այդ անհատները։ Հայ երգիչների մոտ չկա սկզբունքայնություն։ Նրանք չեն հասկանում, որ ազգայինը իրենց սեփականությունը չէ։ Որոշ երգիչներ ազգային երգը դրոշակ են դարձել և ամեն տեղ բարձրաձայնում են, թե իբրև իրենք ազգային երգարվեստով են զբաղվում, բայց իրականում ամեն ինչ արվում է սեփական շահերից ելնելով։ Բայց կան երգիչներ, որոնց նպատակը մեկն է՝ հայ երգի անաղարտ տարածումը։ Հայ երգն անաղարտ պահելը, շատ դժվար է, քանի որ դրսի ազդեցությունները մեծ են, իսկ հայերը օտարասեր են։
- Ինչպե՞ս պայքարել այդ օտար ազդեցությունների դեմ։
- Յուրաքանչյուր երկրում էլ առաջանում են նմանատիպ խնդիրներ: Պարզապես մեր մեջ ապազգային երևույթները շատ են։ Խնդիրը մեր մեջ է, և պետք չէ այս ամենը բարդել օտար ազդեցությունների վրա։ Նույն ձևով կարող ենք աղանդավորական շարժումների մասին արտահայտվել։ Ինչո՞ւ իմ դուռը չեն թակում աղանդները, որովհետև ես ամուր եմ իմ հոգևոր արժեքներով և հաստատակամությամբ։ Մենք պետք է մեր հոգու ամրությունը հզորացնենք։
Պատրաստեց՝ Անահիտ Կասամանյանը