«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 5-ին Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությունից:

Հիշեցնենք, որ նշված օրը Սևան-Երևան ավտոճանապարհին գործող ցեմենտի առաքման պահակակետից հիվանդանոց էր տեղափոխվել Սևան քաղաքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանի դին: Իրավապահները պարզել էին, որ դեպքից մի քանի ժամ առաջ նա մասնակցել էր Սևան քաղաքի ռեստորաններից մեկում կազմակերպված մատաղի արարողությանը:

Միջոցառման ավարտից հետո Մնեյանը նստել է Հմայակ Թադևոսյանի ավտոմեքենան, որը վարել է Արթուր Ալեքսանյանը: Ավտոմեքենայում ծագած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և Ալեքսանյանը փոխելով ուղղությունը՝ գնացել է ռեստորանային համալիրին կից գտնվող ցեմենտի առաքման կետի տարածք ու այնտեղ Մնեյանին ավտոմեքենայից իջեցնելով՝ երկու հոգով ծեծել են: Մնեյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Հմայակ Թադևոսյանը և Արթուր Ալեքսանյանը ներկայումս հետախուզվում են:

Հետագայում պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանը Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի, որը առավել հայտնի է Մողես մականունով, որդին է: Մեր տեղեկություններով՝ Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ոստիկանության Գեղարքունիքի վարչության պետ Արսեն Ադամյանի հետ, և այս հանգամանքն էլ նպաստել է, որ նրա որդին կարողացել է դեպքից անմիջապես հետո փախուստի դիմել: Ըստ լուրերի՝ սպանությունից հետո Սևանի ոստիկանությում իմացել են, որ կասկածյալները Չարենցավանում են թաքնվում, բայց նրանց հետքերով գնացել են հաջորդ օրը, ինչի արդյունքում նրանք հասցրել են փախչել:

«Ժողովուրդ»-ը փորձեց Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանից պարզել, թե ինչ կապ ունի իր որդին այս սպանության հետ, ինչին նա կարճ պատասխանեց. «Ոչ մի բան չեմ կարող ասել, տեղյակ չեմ, կներեք»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: