Այսօր ժամը 11-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի նպատակը վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփումը և առաջիկա ծրագրերը ներկայացնելն էր:
Ասուլիսի բանախոսներն էին տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը և գլխավոր բալետմեյստեր Վիլեն Գալստյանը:

«Եթե մենք ուզում ենք կառուցել ամուր միավոր, ինչպիսին է թատրոնը, պետք է սկսենք հիմքից: Սա վերաբերում է այն կառուցվածքային փոփոխություններին, որոնք տեղի ունեցան թատրոնում: Առաջնային նպատակներից մեկը ընդհանուր որակը բարձրացնելն էր: Այդ պատճառով էլ անձնակազմը որոշակի փոփոխության է ենթարկվել. մի շարք աշխատակիցների հրաժեշտ ենք տվել և նորերին ընդունել աշխատանքի: Դրան զուգահեռ բացվել են նաև մի քանի նոր բաժիններ: Ընդհանուր առմամբ այժմ թատրոնում աշխատում է 620 մարդ»,- ասուլիսի սկզբում ասաց Անդրանիկ Արզումանյանը:

Տնօրենը նաև նշեց, որ տեղծագործական կոլեկտիվների ատեստավորման գործընթացն իրականացրել են արտերկրից հրավիրված մասնագետներ: Բարձրացվել են նաև արտիստների աշխատավարձերը:

«Վերջին տարվա ընթացքում թատրոնի արտիստները հյուրախաղերով հանդես են եկել աշխարհի մի շարք հեղինակավոր բեմերում: Մեծագույն հաջողություն եմ համարում Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ցուցադրությունը»,- նշեց պարոն Արզումանյանը և հավելեց, որ հավանաբար ամռանն էլ հյուրախաղերով հանդես կգանք Մարիինյան թատրոնում:

Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարբերաբար ելույթ են ունեցել նաև արտասահմանյան տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի նշանավոր օպերային և բալետային արտիստներ, որոնց հետ համագործակցությունը նույնպես շարունակվելու է: Իսկ թատրոնի արտիստները բազմիցս հանդես են եկել մեր հանրապետության մարզերում, սահմանամերձ զորամասերում և զգալի ներդրում են ունեցել Շուշիում Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերայի բեմադրության գործում:

Ընթացիկ թատերաշրջանը նվիրվեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի 90-ամյա հոբելյանին և տեղի ունեցավ մեծանուն օպերային երգչուհու հոբելյանական երեկոն, իսկ թատրոնի ճեմասրահում կազմակերպվեց Գ. Գասպարյանին նվիրված ցուցահանդես: Տեղի է ունեցել նաև Էլվիրա Ուդունյանի հոբելյանանին նվիրված երեկո, իսկ առաջիկայում կկազմակերպվեն նաև ՀՀ ժող. արտիստ Բելլա Հովնանյանի և ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանի հոբելյանական երեկոները

Նշենք նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսված մի շարք միջոցառումների մասին , որ ապրիլի 11-ին օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի նշանավոր ջութակահարոհի Ֆրանչեսկա Դեգոն: Ապրիլի 18-ին հայազգի նշանավոր դիրիժոր Գևորգ Փեհլիվանյանի ղեկավարությամբ տեղի կունենա «Մեծ համերգ»: Իսկ ապրիլի 21-ին Հայաստանի օպերային թատրոնում բացառիկ հնարավորություն կստեղծվի ուղիղ կապի միջոցով հետևելու Փարիզում կայանալիք «Գալա համերգին», որը նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ապրիլի 24-ի ուղիղ կեսգիշերին փատերական հրապարակում սիմֆոնիկ նվագախումն ու երգչախումբը կներկայացնեն Է. Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան և այլ մի շարք թեմատիկ միջոցառումներ:

Անձնակազմի կատարած աշխատանքների և սպասվելիք բեմադրությունների ու միջոցառումների շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն մեկ բան ակնառու է և ուրախալի: Այն, որ վերջին շրջանում մեր հանրապետության օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, կարծես, նոր շունչ է առել և մեծ նվիրումով, պրոֆեսիոնալիզմով ու հաջողությամբ կատարում է ամեն հնարավորն աշխարհի տարբեր ծայրերում հայ ազգի մշակույթը պատվով ներկայացնելու համար: