Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական «Ալմուդենա» տաճարում տեղի ունեցավ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն մատուցեց Մադրիդի արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան՝ Իսպանիայի Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Պատարագին ներկա էին Իսպանիայի Կոնգրեսի և Սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Իր խոսքում արքեպիսկոպոս Օսորոն նշեց, որ պատարագը նվիրված է հայերի վերապրած ողբերգությանն ու դժոխային տառապանքներին: Արքեպիսկոպոսն ընդգծեց, որ ներկաներին միավորում է մի ժողովրդի անցյալի մասին հիշատակը: Նա ավելացրեց, որ ներկայումս տիրող իրավիճակը Մերձավոր Արևելքում և աշխարհի թեժ կետերում ժամանակին ցուցաբերված անտարբերության արդյունքն է և հանցակից լռություն պահպանելու հետևանք:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխանորդ, Տեր Սասուն Զմրուխտյանը, ով շնորհակալություն հայտնեց մատուցված պատարագի համար, երախտիքի խոսքեր հնչեցրեց կաթոլիկ եկեղեցու հասցեին՝ հայ ժողովրդի թե՛ ծանր և թե՛ հաղթական օրերին միասին լինելու և անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք մեկնելու համար:
Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր հերթին նշեց. «Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը ոչ միայն սգալու համար մեր կորուստները, այլև մեր երախտիքի խոսքն ասելու այն երկրներին ու անհատներին, որոնք ժամանակին օգնության ձեռք մեկնեցին մեր հայրենակիցներին, փրկեցին նրանց՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը և հետագայում ապաստան ու տանիք տվեցին վերապրածներին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հիմնական նպատակներից մեկը նման ոճրագործությունների հետագա կանխարգելումն է աշխարհի ցանկացած կետում՝ ցանկացած ռասայի, ազգության կամ կրոնական ներկայացուցիչների նկատմամբ: Վստահ եմ, որ միասին և այս ուղղությամբ համատեղ աշխատելու դեպքում մենք կունենանք առավել անվտանգ, պաշտպանված և արդար աշխարհ: Շնորհակալություն այսօր մեր կողքին լինելու համար»:
Պատարագն ուղեկցվեց հայկական հոգևոր երգչախմբի կատարումներով: Հայերենով ընթերցվեցին հատվածներ Աստվածաշնչից: