«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է՝ անցած տարվա սեպտեմբերին, նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի պահվածքի շնորհիվ Ադրբեջանին հաջողվեց ընդունել հակահայկական մի փաստաթուղթ:

Եվ այսօր արդեն ստիպված ենք արձանագրել, որ ԵԽԽՎ նստաշրջանում քննարկելու համար շուտով կպատրաստվի մի զեկույց` այսպիսի վերնագրով. «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:

Հիշո՞ւմ եք՝ այս թեմայի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այն աստիճան անթույլատրելի պահվածք էր դրսևորել` փորձելով սպառնալ ներկաներին, որ դրա արդյունքում հայկական պատվիրակությանը դահլիճից դուրս էին հրավիրել, և փաստաթուղթն ընդունվել էր առանց մեր մասնակցության:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մայիսին զեկույց-նախագծի հեղինակը` ԵԽԽՎ անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վալտերը, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով, կայցելի Հայաստան` փաստաթղթի առնչությամբ փաստեր հավաքելու: Իսկ մինչ այդ, նույն աղբյուրների համաձայն, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը ապրիլի 20-ից 24-ը մասնակցելու է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին:

Սա թերևս Նաղդալյանի վերջին հնարավորությունն է՝ ուղղելու իր սխալը` փորձելով կանխել նման զեկույցի պատրաստումը կամ նվազագույնը հասնելու այն բանին, որպեսզի գոնե փաստաթղթի վերնագիրը փոխվի: Իսկ եթե նրան չհաջողվի այդ անել, ապա բարոյականության նշույլ ունենալու դեպքում անգամ նա պարտավոր է հրաժարական տալ եւ գնալ տուն` շարունակելով զբաղվել իր բիզնեսներով: Այդ դեպքում նա Հայաստանին գոնե միայն ֆինանսապես կվնասի, ոչ թե նաև հեղինակությունը ոտատակ տալով: Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքն արդեն բավական է մեզ»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: