Երեկ «Պոստ Սկրիպտում» ակումբում ասուլիսից հետո Ինգա և Անուշ Արշակյանների պրոդյուսեր Արթուր Ասատրյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև միջադեպ եղավ, որի մանրամասները ճշտելու նպատակով Yerevannews.am-ը կապ հաստատեց Արթուր Ասատրյանի հետ:
«Ճանաչված արտիստը, ով նույնպես մարդ է և կարող է շտապել, նախապես պայմանավորված վայրում ասուլիս է տալիս, պատասխանում է լրագրողների հարցերին և գնում է՝ նախապես ասելով, որ շտապում է և խնդրելով, որ ասուլիսից հետո իրեն այլևս հարցեր չտան: Սակայն կան լրագրողներ, որոնց չի բավականացնում ասուլիսին տրամադրված ժամանակը, և նրանք փորձում են անտեսել արտիստի խնդրանքը: Նրանց նույնպես կարելի է հասկանալ, և ես հասկացա ու կրկին անգամ ասացի, որ Անուշ Արշակյանը շտապում է, և եթե ինտերվյու եք ուզում, զանգահարեք «Շարմ» ու պայմանավորվեք: Սակայն լրագրողը շարունակեց հարցեր տալ՝ անտեսելով իմ ասածը:
Այդպես եղավ մի քանի անգամ: Նույնիսկ շատ լավ իմանալով, որ ես ով եմ, ինձ հարցնում է, թե Անուշի անվտանգության աշխատակիցն եք, թե՞ պրոդյուսերը և հատուկ սկսեց այսպես ասած «բզբզալ», որ ափերիցս դուրս գամ: Մի՞թե դա տղամարդուն վայել արարք է: Իսկ ես որպես տղամարդ իրավունք ունեի նրան կոպիտ պատասխանելու:
Ես՝ աշխատանքի բերումով հաճախ եմ շփվում լրագրողների հետ և անշուշտ հարգում եմ նրանց և նրանց կատարած աշխատանքը, բայց երբ ոմանք չեն հարգում քեզ, անտեսում են խոսքդ ու խնդրանքդ՝ հասցնելով այն աստիճանի, որ համբերությունդ հատի, դա կոչվում է խախտել դիմացինի նյարդային համակարգը, զայրացնել ու ստիպել, որ ափերից դուրս գալ: Մի բան, որն իմ սկզբունքներին ու ցանկություններին դեմ է: Ձայնագրության մեջ անգամ լսելով ինձանից հետո տեղի ունեցած խոսակցությունը, կարծիք ես կազմում, թե ինչ մակարդակի վրա է այս թեման:
Վստահ եմ, որ տրամաբանող մարդիկ, ովքեր մեր հասարակության մեծամասնությունն են կազմում, անգամ լսելով ձայնագրությունը, կհասկանան իրավիճակը, մնացածը թողնում եմ լրագրողի խղճին, նրան ընդամենը օրվա գրելու բան էր պետք», - եզրափակեց պրոդյուսեր Արթուր Ասատրյանը: