Kajaraninfo.am-ը գրում է, որ Կառավարությունն այսօր որոշում ընդունեց փոփոխություն կատարել «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ավելի վաղ ընդունած որոշման մեջ:
Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ առաջարկվում է պահուստային ֆոնդից 24 մլն 669 հազ. 2 հարյուր դրամ հատկացնել: Փոփոխությունը ենթադրում է գայլերի որսի պարգևավճարները 100 հազ. դրամից դարձնել 123 հազ 346 դրամ:
Ըստ նախարարի մինչև օրս 434 գայլ են որսացել։
«Եկամտահարկի մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում այս 100 հազար դրամ գումարից 76 հազարն էր հասնում հասցեատիրոջը, և դա ժողովրդի մեջ տարաձայնություններ էր առաջացնում, իսկ հիմա ամեն մի գլխաքանակի համար որսորդը կստանա 100 հազար դրամ»,-եզրափակեց նախարարը: