«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մինչ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանը զբաղված են սեփական «փիարով», ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորները բարձրաձայնում են բանտերում առկա անմարդկային վերաբերմունքի մասին: Այնպիսի տպավորթյուն է, որ նախկին ոստիկան Արթուր Օսիկյանը բոլոր դատապարտյալներին համարում է կործանված և այլևս հանրության համար անպիտանի, դրա համար էլ որևէ մեկի առողջությունը չի հետաքրքրում քրեակատարողական հիմնարկների վարչության պետին: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը հայտարարել էր, որ բանտախուցը, որտեղ գտնվում է Գևորգ Սաֆարյանը, կա ընդամենը 8 մահճակալ, սակայն այս պահին այնտեղ պահում են 27 հոգու. «Այս առնչությամբ դեռ չենք հասցրել բողոքներ գրել, բայց պատրաստվում ենք, որովհետև սա անթույլատրելի է»: Փաստաբան Եգորյանի հայտարարությունից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն տարածեց, թե ստեղծված իրավիճակի ստուգման համար հանձնարարականներ է տվել:

Հետաքրքիր է՝ ՔԿՀ պետ Արթուր Օսիկյանը, բացի գեղեցիկ և արագ խոսելուց, ուրիշ ի՞նչ ռեալ քայլ է կատարում՝ տարբեր հանցագործությունների համար դատապարտված կամ կալանավորված քաղաքացիների կյանքը դժոխքի չվերածելու համար: Ի վերջո, բանտախցում բոլոր հայտնվածները չէ, որ հանցագործներ են, և ամենևին պարտադիր չէ, որ նրանք բոլորը կտտանքների ենթարկվեն: Մի՞թե այդքան դժվար է «միջազգային ֆինանսական հոսքերի» ու նաև «սև շրջանառության» պայմաններում բանտարկյալների համար գոնե տարրական կենցաղային պայմաններ ապահովելը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: