Շուրջ մեկ դար է անցել Օսմանյան կայսրության կողմից հայերիս նկատմամբ իրականացրած Եղեռնից, սակայն, ցավոք, մեր ժողովրդի դեմ կատարված ոճրագորություոնը մինչ օրս համընդհանուր ճանաչում և դատապարտում չի ստացել։ Ու յուրաքանչյուրս կարծես ներքին գոհացման եւ հոգու հանգստության համար փորձում ենք ամեն հնարավոր միջոցներով մեր պարտքը մատուցել մեր անմեղ զոհերի հիշատակին։ Հոգու կանչի յուրատեսակ մի արարողություն էլ ապրիլի 19-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Մերձավան համայնքում․ բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի անմահ հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքար։Բացմանը ներկա էր նաև YerevanNews.am-ի թղթակիցը:

Մարդաշատ էր գյուղըն այդ օրը․ ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, արվեստագետներ, հյուրեր մայրաքաղաքից, հարակից բնակավայրերից։ Խաչքար կանգնեցնելու գաղափարը պատկանում է մերձավանաբնակ Ախտոյան ընտանիքին, և նրանց այս նվերը հարազատ գյուղին, հիրավի, արժանի է գնահատանքի, իսկ այս հարցում նրանց աջակցել էին ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանն ու Առաքել Մովսիսյանը։ Վերոնշյալ միջոցառմամբ այս համեստ համայնքը ևս անմասն չմնաց պետականորեն անցկացվող միջոցառումների շրջանակից, և օրն էլ պատահական չէր ընտրված՝ ապրիլի 19-ը՝ կազմակերպիչները փորձել էին միջանկյալ արժևորել և՛ Հուշարձանների պահպանության օրը(ապրիլի 18-ը), և՛ նաև Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը խնկարկող խորհրդանշական ապրիլի 24-ը։ Խաչքարի հեղինակը տաղանդաշատ քանդակագործ Արսեն Մեսրոպանն էր, ում հաջողվել էր զարդանախշային գեղեցիկ լուծումներով ստանալ մշակութային մնայուն արժեք։

Հարազատ գյուղում խաչքար տեղադրելու մտայնությունը երկար ժամանակ էր, ինչ մտածել էր իրագործել Ախտոյան ընտանիքը՝ ի դեմս Գագիկ Ախտոյանի, եւ ահա պատեհ առիթը ուշացնել չտվեց դրա կյանքի կոչմանը։ Մերձավանում նման հոգևոր հավաքատեղի չկար, ուստի խաչքարի առկայությունը անհրաժեշտություն էր գյուղի բնակիչների համար, ովքեր կկարողանան գոնե այս ձևով հաղորդակից լինել մեր անանց արժեքներին։ Խաչքար-հուշակոթողը տեղադրված է գյուղի զբոսայգում խաչանման գրանիտե հարթակի վրա, իսկ մինչ տեղադրումը՝ տարածքը միահամուռ կերպով բարեկարգվել էր գյուղի երիտասարդների կողմից։ Բացումն ու կարմիր ժապավենի կտրումը վերապահված էր Գագիկ Ախտոյանին, ում խոսքով․ «Ամեն հայ իր սրտի խորքում՝ մանավանդ այս տարի, ցանկանում է մասնակից լինել Հայոց ցեղասպանության 100-ամյա հիշատակի ոգեկեչման արարողություններին․ մեր գյուղն էլ այսպես ներգրավվեց այս ամենին ու քանի որ համայնքում խաչքար կամ նման այլ կոթող, մտածեցինք մեզ՝ ապրողներիս, և գալիք սերունդերի համար նվեր մատուցել։ Այս խաչքարը ոչ միայն կխորհրդանշի մեր անմեղ զոհերի հիշատակը, այլև կմղի պայքարի ու անկոտրումության, ու վերջինս ապացույց է առ այն, որ մենք հիշում և հարգում ենք մեր անցյալը»,- հավելեց Գ․ Ախտոյանը։

Այնուհետև ՀՀ ԶՈՒ հոգևոր հովիվ Տեր Կորյուն քահանա Կարապետյանի ձեռամբ եւ Տերունական աղոթքով տեղի ունեցավ հուշարձանի օրհնման և օծման հանդիսավոր արարղությունը։ Խաչքարը վառ վկայություն է նրա, որ, այո՛, մեր նկատմամբ հարյուր տարի առաջ կատարված ոճրագործությունը անհերքելի իրողություն է, բայց այն, որ դրան հաջորդող տասնամյակներին և այսօր էլ մենք նմանատիպ գործեր ենք անում, արդեն խոսում է մեր ամրության ու պայքարի ոգի ունենալու մասին, պայքար՝ ապրելու, արարելու և մեր լիիրավ տեղը այս երկրագնդի վրա ունենալու․«Մերձավանում խաչքարի բացումը խորհրդանշական է համայնքի բնակիչների համար․ այսուհետ այստեղով անցնող յուրաքանչյուր ոք, պիտի կարողանա գլուխ խոնարհել ու աղոթել ու հաղթել թշնամուն, քանի որ խաչքարը ոչ թե լացի խորհրդանիշ է, այլ՝ հաղթության, ու թող այն զորավիգ լինի այսուհետ ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասաց Տեր Կորյուն քահանա Կարապետյանը։

Հարազատ գյուղում խաչքար ունենալու իրողությունը ոգևորել ու բերկրանքով էր լցրել մերձավանցիների հոգիները․ նրանց աչքերից ճառագում էր երախտագիտությունն ու հպարտությունը։ Օրը հագեցած էր ներաների համար․ պաշտոնական արարողությունից հետո նրանց սպասվում է ևս մեկ անկնկալ՝ «Գոհար» մշակութային կենտրոնի սաները ուրախացրին բոլորին իրենց ասմունքով,ազգային երգ ու պարով։

Աննա Ալեքսանյան