«Հրապարակ» թերթը գրում է.

«Աբովյանում կրքերն օր օրի շիկանում են, քաղաքապետ դառնալու հավակնորդների թիվը՝ ավելանում:

Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ անգամ ՀՅԴ-ն այստեղ թեկնածու ունենա՝ ի դեմս աբովյանցի Պետրոս Մեղրյանի, ով ազատամարտիկ հանգուցյալ Շահեն Մեղրյանի եղբայրն է:

Առաջադրվելու ցանկություն ունի նաև «Նարեկ» հեռուստաընկերության տնօրեն Սամվել Հակոբյանը: Ու թեպետ խոսվում է, որ ՀՀԿ-ի թեկնածուն կարող է լինել հայտնի Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, սակայն, մեր տեղեկություններով, այս հարցում լիակատար անորոշություն է և Պալաչին հավասար մկաններն է մարզում նաև ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար, Հրազդայի հարկայինի պետի տեղակալ Արմեն Գրիգորյանը:

ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի եղբոր՝ Վարդան Մանուկյանի առաջադրումը լինելու է սիմվոլիկ՝ ՀՀԿ-ական թեկնածուից ձայն փախցնելու նպատակով:

Ինչպես հայտնի է հիմնական մրցակցությունը լինելու է մարզպետ Գուլոյանի հովանավորչությունը վայելող Վահագն Գրիգորյանի և ՀՀԿ-ական թեկնածուի միջև, թեև ամեն ինչ կարող է փոխվել ՀՀԿ-ի որոշումից հետո: Իսկ նախկին քաղաքապետ։ Կարո Իսրայելյանի առաջադրման ցանկության վերաբերյալ Աբովյանի ԲՀԿ-ականները պնդում են, որ Իսրայելյանն առաջադրվում է, որ հետո իր ձայները տա Պալաչին, իսկ վերջինի կողմնակիցները հայտարարում են, թե Իսրայելյանը ձայն փախցնելու համար է խաղի մեջ մտցվում:

Հստակ է մի բան, որ շատերի առաջադրման ցանկությունների մասին վերջնական հստակություն կմտցվի միայն այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն հայտարարի իր որոշման մասին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: