Սույն թվականի ապրիլի 20-ին YerevanNews.am լրատվական կայքում հրապարակվել էր լրագրող Գայանե Պողոսյանի հարցազրույցը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ։ Հրապարակման հաջորդած օրը հարցազրույցի վերաբերյալ հրապարակմամբ էր հանդես եկել armlur.am լրատվական կայքը և ներկայացրել իրադարձությունների սեփական մեկնաբանությունը: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լրագրող հրապարակախոս Տիգրան Դևրիկյանի պատասխան հոդվածը հրապարակված մեկնաբանությունների կապակցությամբ:
Որչափ հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ հարցազրույցը, այնքան համոզվեցինք, որ այն պարզ ու անկեղծ զրույց էր երեխաներ մեծացնող մոր հետ: Սակայն նույնքան զարմանքով էլ կարդացինք ու ոչինչ չհասկացանք armlur.am-ի լրագրող Նաիրա Հովհաննիսյանի «արձագանք-վերլուծությունից»:
Երբ համընդհանուր զինապարտության սկզբունքը որդեգրած երկրի պաշտպանության նախարարը ստանձնում է իր ղեկավարած բանակի զինվորների ու սպաների կյանքի պատասխանատվությունը, երբ ուղերձ է հղում բոլորին, ու ասում է, թե Հայկական բանակը մեր տունն է ու մեր բերդ ամրոցը, որ այն մեր մեծ ընտանիքն է, ապա, բնականաբար, Հայրենիքին զինվոր ու սպա տված և ամեն Աստծո առավոտը բացվելուն պես զինվորական ամփոփագրերին տագնապով ծանոթացող յուրաքանչյուր ծնող փորձում է հասկանալ թե ի՞նչ ընտանիք ունի Մեծ ընտանիքի գաղափարը սերմանողը:
Տիկին Ռուզաննա Խաչատրյանն անկեղծորեն պատմում է, թե իրենց բակում ե՛րբ և ումի՛ց լսեց ու հասկացավ այդ մահաբեր «յաթաղան» բառը, իսկ տարիներ անց ինչպիսի՛ հանգամանքներում ստիպված եղավ իր մանկահասակ Մուշեղ որդուն մի քիչ շուտ պատմել կորսված Արևմտյան Հայաստանի, և տասնամյակներ անց ազատագրված Արցախի մասին: Եվ ինչպե՛ս է բացատրել, թե ի՞նչ էր նշանակում 1992 թվականի ամռանը նահանջող Մարտակերտի ճակատը, որի պատճառով էլ հայրիկի ոտքը «ինչո՞ւ է այսպես»:
Ու մենք ամեն ինչ հասկանում ենք, որովհետև մեզ այդպե՛ս դաստիարակեցին և հիմա մե՛նք ենք մեր երեխաներին դա պատմում: Միակ անհասկանալին այդ ամենը չհասկացողներն են, ովքեր Ադանա, Դեր-Զոր, Շուշի Գանձասար և մի շարք այլ անվանումները հասկանում են որպես ընդամենը տեղանուններ, և դրանց ետևում դեռ երեք տարի հետո կայանալիք նախագահական ընտրությունների որոգայթներ ու խարդավանքներ են փնտրում:
Մշակույթն ու բժշկությունը ստեղծում և պահպանում է ժողովուրդը, որի մի մասնիկն էլ նաև տիկին Ռիտա Սարգսյանն ու Ռուզաննա Խաչատրյանն են և իրենց նման շատ ու շատ հայ մայրեր: Ու նրանք, դրանից զատ, այդ ի՞նչ են արել, որ այսօր մեզ առաջարկում եք համաձայնվել, թե «հետաքրքիր գործընթացներ են իրականացվում ապրիլքսանչորսյան խառը օրերին»:
Բայց չէ՞ որ սրանք, անկախ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշումից, մեր անփարատելի վիշտը ևս մեկ անգամ հասկանալու և ողջ խորությամբ վերապրելու, այլ ոչ թե Ձեր ասած «խառը» օրեր են:
Նաի՛րա Հովհաննիսյան, ես նույնպես լրագրող եմ, սակայն եղել եմ ոչ թե անվերապահ տոնով «վերլուծություն» կատարող, այլ մեր երեխաների` հայրենի խրամատներում կանգնած երկու տարիները և ժողովրդի վշտի ու ցավի նրա՛նց ըմբռնումը ներկայացնել փորձող լրագրող: Ու դրանից զատ, նաև դիմություն-ընդիմություն և լրատվամիջոցներին հատկացվող դրամաշնորհներից ու ֆինանսական հարցերից ինչ-որ բաներ հասկանում եմ:
Բայց ունեցել եմ լա՛վ գլխավոր խմբագիր, իսկ այժմ ունեմ լա՛վ ղեկավար, ովքեր ինձ սովորեցրեցին մի տարրական բան` գրածս նյութը հրապարակման ներկայացնելուց առաջ գոնե երկո՛ւ անգամ կարդալ: Ու նույնն առաջարկում եմ Ձեզ, որպեսզի խորամուխ լինեք և առանց հետին մտքերի ըմբռնեք ա՛յս օրերի ճշմարիտ խորհուրդը:
Տիգրան Դեվրիկյան


