Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Այսօր ողջ հայ ժողովուրդը, բոլոր հայերն աշխարհի տարբեր ծայրերում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Այսօր աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հնչող զանգերն ազդարարում են Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը, եւ ամեն մի ղողանջի հետ նորոգվում են մեր 100-ամյա ցավն ու մորմոքը:
Մեր ազգի հիշողության մեջ 1915-ի վերքերը չեն սպիացել եւ չեն էլ կարող սպիանալ, քանի դեռ 20-րդ դարասկզբին աշխարհի աչքի առջեւ Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հրեշավոր ոճրագործությունը չի ստացել արժանի գնահատական, քանի դեռ այդ հանցավոր քաղաքականությունը շարունակվում է նաեւ մեր օրերում` ամեն անգամ ստանալով նոր կերպարանք ու նոր անուն:
Մենք խորապես շնորհակալ ենք ու երախտապարտ բոլոր այն ժողովուրդներին ու պետություններին, ովքեր օգնության ձեռք մեկնեցին թուրքական յաթաղանից հրաշքով փրկված մեր հայրենակիցներին՝ ապաստան եւ ապրելու հնարավորություն տալով տասնյակ հազարավոր հայ ընտանիքների ու որբերի: Նրանք հետագայում դարձան այդ երկրների արժանի քաղաքացիներ` նշանակալի ներդրում ունենալով իրենց երկրորդ հայրենիքի զարգացման գործում: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը բարձրացրին բարբարոսների դեմ` մարդասիրական, բարոյական ու քաղաքական զորակցություն հայտնելով մեր ժողովրդին, ճանաչեցին ու դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը:
Հայ ժողովուրդը, որ աշխարհի ամենահին քաղաքակրթության կրողներից է, իր բազմադարյա պատմության ընթացքում տեսել է շատ արհավիրքներ, տարել անասելի զրկանքներ ու դիմակայել անհամար փորձությունների, սակայն երբեք չի կորցրել իր հույսն ու հավատը եւ ամեն անգամ դարձել է ավելի ամուր, ուժեղ ու իմաստուն: Ցեղասպանության ենթարկվելով եւ կորցնելով գրեթե ամեն ինչ` հայն աչքի լույսի պես պահել ու փայփայել է իր հավատքն ու լեզուն, մշակույթն ու ազգային ինքնությունը: Եվ դա օգնել է մեզ տարիներ հետո կերտել փառավոր հաղթանակներ եւ վերականգնել հայոց անկախ պետականությունը:
Այսօր Մայր Հայաստանը, ազատ ու անսասան Արցախը եւ հայրենանվեր Սփյուռքը միասին ու ձեռք ձեռքի կառուցում են իրենց կյանքի ճանապարհը. դա հայ ժողովրդի հավերժության ճանապարհն է, արդարության ու լույսի հաղթանակի ճանապարհը»: