Երբ չկա շահ՝ մարդը դառնում է «կույր, խուլ, համր, անշարժ»։ Սեփական շահի համար սարեր ու ձորեր շրջող մարդը՝ ասես միանգամից անճար է դառնում, երբ խոսքը գնում է մյուսների շահերի մասին։ Մարդիկ նկատելիորեն ակտիվանում են, երբ զրուցակցի պատմածի մեջ իրենց շահագրգռող երանգներ են նկատում։ Եվ այնքանով որքանով շահերը մոտենում են նրան կամ հեռանում՝ զրուցակիցը կլանվում է խոսակցությունով կամ լրիվ կորցնում ուշադրությունը։ 

Գիտական ձևակերպմամբ՝ շահը հասկացություն է, որը բնութագրում է այն, ինչը օբյեկտիվորեն ուղղված է անձի սոցիալական ինքնահաստատման, պահանջմունքների բավարարման ապահովմանը։

Հոգեբանության մեջ շահը արտահայտվում է հետաքրքրության տեսքով, շահի բովանդակության նկատմամբ անձի հուզական վերաբերմունքով։ Խոսքը միայն նյութականացված շահի մասին չի կարող լինել։ Շահը (մոտիվացիան՝ հոգեբանական տերմինաբանությամբ) կարելի դասել երկու կատեգորիայի՝ հուզական-զգայական և ֆիզիկական, պայմանավորված թե ինչ գործողության է այն դրդում։ Շահը արտացոլվում է մարդկանց պատկերացումներում, վերածվում գիտակցված նպատակի, դառնում գործունեության դրդապատճառ։ Հետևություն՝ մարդու յուրաքանչյուր գործունեության խորքում թաքնված է շահը կամ բնազդը (նույնացվում է չգիտակցված շահի հետ)։

Շահամոլությունը արդեն մարդու կողմից գիտակցված և ընդգծված վարքագիծն է, ամենուր շահ փնտրելուն և գտնելուն միտված։ Այլ բան է , երբ այն դիտարկվում է անգիտակցական բնազդային մակարդակի վրա, այլ բան է, երբ այն արդեն ձևավորված մարդկային գիծ է , որ դրսևորվում է անընդհատ, մարդու յուրաքանչյուր քայլում, մարդու՝ ում աչքերը միանգամից առկայծում են շահ որսալիս։

Մի թողեք, որ շահամոլությունը դառնա ձեր բնավորության կայուն գիծը, ձեր տեսակը, շահի բացահայտ գիտակցումը միայն որոշիչ չլինի ձեր գործողություններում։ Կյանքի արագ ընթացքի մեջ յուրաքանչյուրը սրընթաց վազում է իր շահի հետևից՝ հեռվում թողնելով անկեղծ ընկերությունը, անշահախնդիր սերն ու հոգուց բխող բարությունը։

 

Լուսինե Մանասյան