ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Դումայի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարությունից՝ նախարար Նալբանդյանը, մասնավորապես, ասել է.
«Մենք շնորհակալ ենք Ռուսաստանին՝ մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և հետևողական դիրքորոշման համար։ Ինչպես ասել է Ռուսաստանյան Դաշնության նախագահը՝ Հայոց ցեղասպանությունը եղբայրական Ռուսաստանում մշտապես ընկալվել է որպես սեփական ցավ և ողբերգություն։
Ռուսաստանը` Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ միասին, դեռևս 1915թ. մայիսի 24-ին համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտեց Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածը` կոչելով այն հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ:
Ռուսաստանի Դաշնության Պետական Դուման 1995թ. և 2005թ. ընդունված հատուկ հայտարարություններով հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունը որակեց որպես ցեղասպանություն՝ ապրիլի 24-ը ամրագրելով զոհերի հիշատակի օր:
Պետական դումայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նոր հայտարարության ընդունումը հայ ժողովրդի հետ համերաշխության ուղերձ է և խոսուն վկայություն է առ այն, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն էր, և դրա ճանաչումը ու դատապարտումը միջազգային հանրության առաջնային խնդիրներից է:
Այս օրերին, երբ ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, և բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ այս առթիվ իրենց զորակցությունն են հայտնում հայ ժողովրդին և կոչ անում Թուրքիային առերեսվելու իր պատմությանը, Անկարան ի պատասխան աջ ու ձախ կոպիտ և սադրիչ քննադատություններ է հնչեցնում՝ հակադրվելով միջազգային հանրությանը։ Ժխտողական կեցվածքի հետևանքով առավել խորանում է անդունդը Թուրքիայի և քաղաքակիրթ աշխարհի միջև»։