Ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ «Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը հաղորդում էր տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը վիճաբանել են գիտական կենտրոնի բժշկի հետ, որի ընթացքում ուղեւորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճվել էր, իսկ որոշման օրինականությունը ստուգվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:
Հետագայում քրեական գործով կայացված որոշումը վերացվել է եւ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով քաղաքացի Արման Ս.-ն ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: